ՀՀ իրավապահ համակարգի անգործությունը ուղիղ հա...

Արդեն մի քանի տարի է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Պուշկինո գյուղում գործում է սփյուրքահայ մեր հայրենակիցների կողմից գյուղատնտեսական ոլորտում հիմնադրված ֆերմա, որի ստեղծումը բավական լավ օրինակ է ծառայում այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների համար, ովքեր պլանավորում են ներդրում կատարել Հայաստանում։

Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 1-ին այդ ֆերմայի գյուղատնտեսական  տարածքի պահեստանոցի դուռը կտրելով գողացել են գյուղատնտեսական (այգեգործության եւ անասնաբուծության) վերաբերող տեխնիկա: Այս մասին սեփականատերերը տեղեկացրել են Ստեփանավանի ոստիկանությանը և գործի վայրում կատարվել է քննություն: Տուժող կողմը պահանջում է խնդրի արագ հետապնդում ոստիկանության և Քննչական կոմիտեի կողմից։

Մեր հետ զրույցում Ոստիկանության Ստեփանավանի բաժնից հայտնեցին, որ դեպքը իրենց ուշադրության կենտրոնում է։ Մեր այն դիտարկմանը, որ այս դեպքը չբացահայտվլու դեպքում, մեծ հարված կլինի ՀՀ-ում ներդրումային ոլորտի զարգացմանը, ոստիկանությունից նշեցին՝ հասկանում են կատարվածի լրջությունը և ամեն ջանք գործադրելու են բացահայտելու համար։

Ի դեպ՝ նախորդ օրը Ստեփանավանում ևս մեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հայտնի չէ եթե այս երկու դեպքերը փոխկապակցված են։ Գործով քննիչ է նշանակվել Դիանա Հակոբյանը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետրով։ Կատարվում է նախաքննություն։

Տարածքի համասեփականատեր, տուժող Սևակ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործում անլուրջ մոտեցում է նկատում։ Նրա խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է որևէ նորություն գործի հետ կապված չկա, այն պարագայում, որ ոստիկանությունը շատ արագ կարող էր բացահայտել, թե ով կամ ովքեր են եղել ավազակային հարձակում կատարած անձինք։ Նա զարմանք հայտնեց, որ 100 հոգանոց Պուշկինո գյուղում ոստիկանությունը չի կարողանում բացահայտել տարածքից գողություն կատարած անձանց, այնինչ այլ երկրներում նման հանցագործությունները բացահայտվում են մի քանի ժամում։

Սևակ Հակոբյանը գրությամբ դիմել է քննիչ Հակոբյանին։ Նա պատրաստ է սպասել մինչև երկուշաբթի, որևէ դրական առաջընթաց չգրանցելու դեպքում պատրաստվում է դիմել Դատախազություն։ Նա մտահոգություն հայտնեց, որ ոստիկանության և Քննչական կոմիտեի անգործությունը կարող է ժամանակ տալ հանցագործություն կատարած անձանց մաս–մաս անել և վաճառել գողոնը։ Նա խորը հիասթափություն է ապրում, որ ՀՀ-ում իրավապահ համակարգը այս աստիճան չկայացած է, մարդիկ հանցագործության զոհ դառնալու դեպքում չեն կարող հույս դնել իրավապահների վրա և ակնկալել, որ իրենց գործը կարող է բացահայտվել։

Փորձեցինք կապ հաստատել գործով քննիչ Դիանա Հակոբյանի հետ՝ քրեական վարույթի վերաբերյալ որոշակի մանրամասներ իմանալու համար, սակայն ապադյուն։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Կարելի է փաստել, որ կոնկրետ այս պարագայում իրավիճակն ավելի լուրջ է, քանի որ միջադեպն ուղիղ հարվածում է ՀՀ-ի իմիջին՝ որպես ներդրումային պետություն։ Սփյուռքի ոչ մի ներկայացուցիչ ներդրում չի իրականացնի Հայաստանի գյուղերում կամ քաղաքներոիմ, տեսնելով այս չբացահայտված հանցագործությունները։ Դա ստեղծում է հավելյալ անվստահության մթնոլորտ թե՛ Հայաստանի ներդրումային դաշտի նկատմամբ, թե՛ իրավական համակարգի և իրավապահների գործունեության արդյունավետության մասով։  Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ։ Կոչ ենք անում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և շահագրգիռ բոլոր կողմերին ցուցաբերել ավելի հետևողականություն սույն գործի բացահայտման աշխատանքների ոււղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այս գործը Քննչական կոմիտեի կամ ոստիկանության համար չի դառնա հերթական չբացահայտված կամ կոծկված գործ։

Քրիստինա Աղալարյան