
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր «Սոգլասիե Արմենիա» ընկերության՝ Երևանի կենտրոնում գտնվող տարածքը բռնագրավելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշումը որակել է քաղաքական պատվեր։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումն անօրինական է և ունի քաղաքական պատվերի բնույթ: Այս հողատարածքը ես՝ որպես օտարերկրյա ներդրող, ձեռք եմ բերել պետությունից աճուրդի միջոցով քառորդ դար առաջ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան», - ասել է նա ՏԱՍՍ-ին։
Աբրահամյանի խոսքով՝ այս որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ևս մեկ անգամ հաստատեց, որ այն Փաշինյանի գրպանի օրենսդիր մարմինն է, նրա պատժիչ մահակը, որն օգտագործվում է նրանց դեմ, ովքեր համաձայն չեն գործող իշխանությունների՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ լիակատար անտարբերության քաղաքականության հետ։
Աբրահամյանը հավելել է, որ բիզնեսի սեփականատերերի դեմ պայքարի նման մեթոդները, վերջին հաշվով, պատիժ են բոլոր քաղաքացիների համար։
«Որովհետև այս ակնթարթային «սխրանքները» զրկում են Հայաստանին հեռանկարներից, նոր աշխատատեղերից և լուրջ վնաս են հասցնում Հայաստանի ներդրումային հեղինակությանը. չէ՞ որ բիզնեսին անհրաժեշտ է հստակ և կայուն պլանավորման հորիզոն», - նշել է նա։
Աբրամյանն ասել է, որ չի մտադիրվում փոխել իր համոզմունքները նման ճնշման փորձերի պատճառով։
«Ես պետք է նեղվե՞մ այս կառավարության կողմից իմ հողատարածքը խլելու որոշումից՝ հաշվի առնելով, որ այն մեզանից խլում է ավելի մեծ բան, մի բան, որը գին չունի՝ մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր հիշողությունը, մեր ավանդույթներն ու քրիստոնեական հավատքը, մեր Արցախը՝ իր հին տաճարներով, մեր Սյունիքն ու Զանգեզուրը՝ իրենց հերոսական անցյալով», - ասսել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ավագյանի, քննելով հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ կադաստրի կոմիտեի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վճռել է դատախազության հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերության սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ արգելել պատասխանող «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու գործողություններ, որոնք կհանգեցնեն Երևանի Արամի 32 հասցեում գտնվող «Սոգլասիե Արմենիա»-ին պատկանող չկառուցապատված 2859.40 քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանել մինչև վճռի կատարումը, որից հետո այն՝ վերացնել:
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է։