
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր՝ ապրիլի 1–ին, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:
Ինչպես Politik.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի:
Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը եւ առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունների անցկացման կարեւորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:
Որպես համագործակցության գերակա ուղղություններ, երկու կողմերն էլ կարեւորել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:
Արա Այվազյանն ու Թուրքմենստանի փոխվարչապետը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:
Հանդիպմանն արծարծվել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարեւոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների եւ մշակութային ժառանգության պահպանումը: