ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցել է Կանադայի օրվա ա...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է. 

«Հարգելի դեսպան Թըրներ,

Ձերդ գերազանցություն,

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի կառավարությանն ու ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Կանադան հաջողությամբ կառուցել են փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների եւ ընդհանուր ձգտումների վրա հիմնված ամուր եւ հաջող գործընկերություն: Մեր երկրներն ունեն ջերմ եւ կառուցողական հարաբերություններ, որոնք շարունակում են խորանալ բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի եւ Կանադայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը, մեր երկկողմ կապերի կարեւոր հենասյունն են: Այս առումով, կցանկանայի ընդգծել Կանադայում Հայաստանի եւ Երեւանում Կանադայի դեսպանությունների կարեւոր դերը մեր ընդհանուր օրակարգի առաջմղման եւ ինստիտուցիոնալ ներգրավվածության խթանման գործում:

Որպես խորհրդարանական համագործակցության հաջողված օրինակ՝ կցանկանայի ընդգծել Կանադայի խորհրդարանական կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի Ազգային ժողովում ներառական եւ պատասխանատու ներքին կառավարման բարելավմանը:

Հաշվի առնելով, որ մենք այսքան մոտ ենք Հարավային Կովկասում երկար սպասված եւ կայուն խաղաղության հաստատմանը՝ մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական զարգացմանը Կանադայի սկզբունքային աջակցության համար: Նման անսասան աջակցությունը եւ՛ խրախուսական է, եւ՛ կարեւոր այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Մենք պատրաստ ենք համատեղ ջանքեր գործադրել՝ ապահովելու հետագա աճ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, ներդրումները, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Վստահ ենք՝ համագործակցության ընդլայնումն ու հարստացումը լավագույնս կծառայի մեր ժողովուրդների բարօրությանը:

Կցանկանայի ընդգծել նաեւ Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը: Դրա ակտիվ դերը մշակութային երկխոսության եւ ընդհանուր արժեքների խթանման գործում շարունակում է ամրապնդել մեր փոխըմբռնումն ու բարեկամությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ եզրափակել խոսքը` կրկին շնորհավորելով Կանադայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ եւ մաղթել խաղաղություն, հաջողություն եւ բարգավաճում:

Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: