ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Եվրոպայի խորհրդի...

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային եւ մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում:

Նշվում է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարեւորությունը եւ Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում: