Անցած հանգստյան շաբաթ կիրակին բավական սիմվոլիկ էր մահմեդական աշխարհի համար, որը ինչ որ իմաստով նաեւ կարող էր մեզ համար ինչ որ բան փոխել, բայց չփոխեց։ Բանն այն է, որ հանգստյան օրերին մահմեդական աշխարհը, ներառյալ նաեւ՝ Ադրբեջանը տոնում էր Նովրուզը կամ Նովրուզ Բայրամը։
Իսլամական ավանդույթի համաձայն, Նովրուզին ընդառաջ պետությունների ղեկավարները կամ կառավարությունները ազատ են արձակում բանտարկյալների՝ ներում շնորհելով նրանց, կամ էլ նվազեցնում են որոշ բանտարկյալների պատժաչափերը։ Ադրբեջանում դեռ ամիսներ առաջ, այդ առնչությամբ ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ այդ երկրի խորհրդարանում՝ Միլլի Մեջլիսում։ Այդ ժամանակ մենք գրեցինք, որ նման բան է նախատեսվում։ Մեր հոդվածի հրապարակման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հերթական անգամ «վազում էր» Մոսկվա, եւ մենք նշեցինք, որ արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մոտ կբարձրացնի այն հարցը, որպեսզի հայ ռազմագերիներից էլ ընդգրկվեն Ադրբեջանում՝ Նովրուզին ընդառաջ ազատ արձակվողների ցանկում, որպես բարի կամքի դրսեւորում, ինչը կարող էր նաեւ հավելյալ ազդակ դառնալ վստահության մթնոլորտի ձեւավորման համար։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի վերը նշված համաներման հանձնաժողովում այս ընթացքում ստացվել էր 700 հայտ։ Եվ ահա, հանգստյան օրերին հրապարակվեց ազատ արձակվողների ցանկը, որոնցում նաեւ մի քանի տասնյակ օտարերկրացիներ էին։ Բայց հայ ռազմագերիներ չկային։
Այստեղ առաջանում է մի տրամաբանական հարց․ ամեն պատեհ-անպատեհ առիթի, հայ ռազմագերիների մասին խոսող Նիկոլ Փաշինյանի կաբինետը, որը ըստ էության ռազմագերիների վերադարձի հետ կապված ունի զրոյական ազդեցություն։ Սա հարց է, որին պետք է պատասխանեն ՀՀ գործող իշխանությունները։



