
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․
«ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։
ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։
ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:
Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք»։