ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստանում հավատարմա...

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մնացական Սաֆարյանն իր խոսքում նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների խաթարմանը: Ընդգծվել է, որ էլեկտրականության և գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է սոցիալական և առողջապահական ծառայությունների կաթվածահարման՝ ոտնահարելով պաշարված բնակչության հիմնարար իրավունքները, ներառյալ՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքը:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Աննա Ժամակոչյանն անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ազդեցությանը բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Լենա Նանուշյանը ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը ԼՂ առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքին:

Մնացական Սաֆարյանը և Էդմոն Մարուքյանը պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին: