ՀՀ ԱԱԾ-ն արդյունավետորեն դիմակայում է բազմաթի...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը: 

Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն:  

Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը: 

Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ 

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝   հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն:

«Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր,  այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը:  

Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ:  Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:

Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։ 

ՀՀ վարչապետն ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրելով.

«Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը: 

Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»: