Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի ա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծառայողական հետապնդման հերթական աղմկալի դրսեւորումն է եղել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Բանն այն է, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ հերթական ծառայողական հետապնդման դեպքի պատճառով։ Ակադեմիական կառույցի ներսում արձանագրվել է մի իրավիճակ, որը վկայում է իշխանական լծակների չարաշահման եւ բարոյահոգեբանական ճնշման կիրառման մասին` ակադեմիական միջավայրին անհարիր ոճով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ամբիոններից մեկի վարիչը ենթարկվել է կարգապահական տույժի միայն այն պատճառով, որ չի կանգնել ոտքի (իրավաբանորեն ձեւակերպված՝ անհարգալից վերաբերմունքի համար), երբ բուհի պրոռեկտորները ներս են մտել։ Տվյալ միջադեպը ոչ միայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում, այլեւ նման «արարքի» համար տույժ կիրառելը ակնհայտորեն հակասում է առողջ բանականությանը եւ ակադեմիական ազատության սկզբունքներին։

Ամենից ծանրակշիռ հանգամանքն այն է, որ այս՝ մեղմ ասած աննշան հարցը, շաբաթներ շարունակ քննարկվել է բուհի էթիկայի հանձնաժողովում, ինչը վկայում է, որ գործի մեջ թաքնված են անձնական կամ խմբային շահեր։ Այլ կերպ ասած՝ պարզ քայլը վերածվել է նպատակաուղղված ճնշման, որի նպատակն է ակադեմիական աշխատակցին նսեմացնել, վախեցնել կամ լռեցնել։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կոչված է նման կերպ «դաստիարակել» գիտակազմի ներկայացուցիչներին, երբ իրական էթիկական խնդիրներ՝ սկսած աշխատանքի ապօրինի դադարեցումներից մինչեւ մասնագիտական արժանապատվության խախտում, շարունակում են անտեսվել։

Այս դեպքը վկայում է այն խորքային ճգնաժամի մասին, որում հայտնվել է համալսարանական կառավարումը. երբ իշխանությունը փոխարինում է արժանապատվությանը, իսկ վախը՝ համագործակցությանը։ Մնում է միայն հուսալ, որ նման օրինակները կարժանանան հասարակական լայն արձագանքի, որպեսզի ակադեմիական հարթակը դադարի հաշվեհարդարի տարածք լինելուց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: