Հերիք է տղա երեխաներին ասեք՝ ճաշիկ կուտե՞ս, բ...

Զորակոչային գործընթացների մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշման իմաստը հետևյալն է, որ այն հետազոտությունները, որոնք հասկանալիորեն արվում են երեխաներին, արխիվացվեն, պահեստավորվեն, որպեսզի, եթե 17 տարեկանում հանկարծ Աստված չանի  հիվանդություն ի հայտ գա, որը կանխարգելումը ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայել, տեսնել,  այդ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում։

Բանակից ազատվելու այս 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում։ Հանրության մի մասն ինքը գիտի, որ ինքն ապօրինի կերպով ազատվել է բանակից, ինքը գիտի, որ իր մերձավոր շրջապատը դրա մասին գիտի, իր ընկերները գիտեն, իր ընկերների մի մասը ծառայել են, իրար հետ շփվում են, իրար աչքերի մեջ են նայում, իրար հետ հարաբերվում են ու սա որոշակի հոգեբանություն է:

Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի  մրցունակ են դառնում, քան տղաները, ես տեսնում եմ, որ մեր իրականության մեջ աղջիկները ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները։ Մեր իրականության մեջ շատ է տղաներին հովանավորելու, փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու այս երևույթը: Թվում է՝ մենք բրուտալ ասիական կամ կովկասյան ժողովուրդ ենք, բայց իրականում մենք մեր տղաներին ո՞նց ենք վերաբերվում, իսկ աղջիկների համար անընդհատ ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ ոք չի հովանավորում, ոչ ոք չի ասում, վայ ճաշիկը կուտե՞ս, թե՞ չես ուտի։ Ու սա մեր մեջ խորը դեֆորմացիաներ է առաջացրել, խորը դեգրադացիաներ է առաջացրել, խորը պրոբլեմներ է առաջացրել: Հասկանո՞ւմ եք, մենք մեր տղաների մոտավորապես 60%-ի կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում ենք իրենց ամբողջ հետագա կյանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: