ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակին։ Այս մասին նշվում է Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Ռուբիոն այսօր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ զրույցում քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգման շարունակումը, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակը։ Նրանք համաձայնել են սերտ կապի մեջ մնալ տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ:
Զրույցը տեղի է ունեցել Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի շուրջ լարվածության ֆոնին։
Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։ Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատու են համարում Իսրայելին և Միացյալ Նահանգներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիան Կատարի և Օմանի հետ միասին քայլեր է ձեռնարկել Վաշինգտոնին Իրանի վրա ռազմական հարվածներից հետ պահելու համար՝ զգուշանալով, որ իշխանության հանկարծակի փոփոխությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։



