Հենց հիմա Դավիթ Մինասյանը Աբովյան ՔԿՀ-ից տեղա...

Հենց հիմա Դավիթ Մինասյանը Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց, լրացուցիչ կտեղեկացնեմ:  Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ նա գրել էր, որ Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա Աբովյան ՔԿՀ-ում է։

Առավոտյան փաստաբանը հաղորդել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Աբովյան ՔԿՀ։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանել են, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։

«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Հավելենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։

Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։