 
     
								Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունի հետ զրույցում հայտարարել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի գործողությունների հետ կապված մտահոգության և տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ։
Հեգսեթը Truth Social հարթակում գրել է, որ իր չինացի գործընկերոջ հետ հանդիպել է Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում։
Հեգսեթը հանդիպումը որակել է «լավ և կառուցողական»։
«Ես ընդգծել եմ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման կարևորությունը և հայտնել ԱՄՆ-ի մտահոգությունները Չինաստանի գործողությունների վերաբերյալ Հարավչինական ծովում, Թայվանի շուրջ, ինչպես նաև Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների նկատմամբ», - հայտնել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության», բայց կշարունակի վճռականորեն պաշտպանել իր շահերը տարածաշրջանում և իրեն ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:
Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել Չինաստանի զինվորականների հետ։







