
Եթե ՀԷՑ-ի աշխատողներին ստիպողաբար բերում են Սամվել Կարապետյանին աջակցելու, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից:
«Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու: Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի:
Մենք բավարար լծակներ ունենք նրանց պաշտպանելու համար: Ստիպողաբար ցույցի բերողները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն: Հավաքին մասնակցելուց հրաժարվողների հետ ոչինչ տեղի չի ունենա, մենք նրանց կկարողանանք պաշտպանել և պետականացումից հետո նրանք կշարունակեն աշխատել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մեր պետական ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքն է, և Կառավարությունը չի կարող չխառնվել:
«Մարդկանց փութաջանորեն ցույցի բերողները չգիտեմ հետո կկարողանա՞ն «Տաշիր պիցցայում» աշխատեն, թե ոչ, վստահ չեմ, որ կկարողանան «Տաշիր պիցցայում» որևէ բան աշխատեն: Կոնկրետ ասում եմ՝ պատժվելու են, հետո լաց, կոծ, տենց բաներ չլինեն, չենք ընդունելու»,- հայտարարեց նա: