Հայտնի են «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողները

«Հայաստան 2041» հիմնադրամն այսօր  Մատենադարանում հայտարարեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերը, որոնց հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարը:

«Ուժեղ Սփյուռք»  ծրագիրը մեկնարկել է 2023 թ.` նպատակ ունենալով դրամաշնորհների տրամադրման միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը,  հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը, կապը Սփյուռքի ու Հայաստանի միջև, և աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջև փոխգործակցությունը: 174 դիմում-հայտ է գրանցվել  շուրջ 26 երկրի 91 քաղաքներից՝ ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Ավստրալիայից մինչև Արգենտինա:

«Ինչպես ծրագրի անունն է հուշում, դրամաշնորհների միջոցով մենք ուզում ենք հզորացնել Սփյուռքը և ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ և դրանք իրագործելու համար քաջալերման կարիք, - ասաց Նուբար Աֆեյանը՝ «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիրը: «Սրանով մենք նաև մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել բոլոր այն հայերին, որոնք միշտ ակտիվ ու նվիրական աշխատանք են տանում Սփյուռքում և հավատարիմ են մնում իրենց արմատներին ու ժառանգությանը: Օգնելով այս հայերին՝ մենք հույս ունենք ավելի պայծառ ապագա կառուցել Հայաստանի և մեր համայնքների համար», - շարունակեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր 174 հայտատուներին մասնակցության համար եւ շնորհավորելով հաղթող նախագծերի հեղինակներին։

Անհատների, խմբերի և կազմակերպությունների ներկայացրած հայտերից լավագույն 20 նախագծերի հեղինակները ծրագրի շրջանակում հնարավորություն են ստացել մշակելու իրենց գաղափարները՝ տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող  մասնագետների հետ:

Հետագայում այդ 20 նախագծերը դիտարկել են Հանձնաժողովի անդամները՝ Flagship Pioneering ընկերության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ղեկավար և ռազմավարական խորհրդատու Անդրե Անտոնյանը, Բրյուսելի ազատ համալսարանի (ULB) Տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Գյուրջյանը, Sante’ Arme’nie համահիմնադիր և գանձապահ Նադյա Գործունյանը, գրող և անկախ խորհրդատու Սառա Բ. Իգնատիուսը, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, և ներկայացրել իրենց տեսակետները Հոգաբարձուների խորհրդին:

«Հայաստան 2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհները տրվում են հետեւյալ նախագծերին.

1.Ազատ 3D. 3D տպագրված աջակցող միջոցներ անկախ կյանքի համար

«Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպություն

Նյու Յորք, ԱՄՆ

 

2.Արցախյան արձագանքներ. մեր նախնիների մոռացված երաժշտությունը

Դավիթ Հարությունյան

Փարիզ, Ֆրանսիա

 

3.Իմ լեզուն իմ ինքնությունն է. հայկական այբուբենը Ժնևի այգում

Ռուզաննա Թարվերդյան

Ժնև, Շվեյցարիա

 

4.Կամրջելով մշակույթներ և հիմնելով կապեր Սթենֆորդում

Սթենֆորդի համալսարանի «Հայ ուսանողների ասոցիացիա»

Սթենֆորդ, ԱՄՆ

 

5.Հիշողությունների քարտեզագրում՝ արձանագրելով հայ մտավոր ժառանգությունն Ստամբուլում

«Հրանտ Դինք» հիմնարկ

Ստամբուլ, Թուրքիա

 

6.Հյուսված ժառանգություն՝բացահայտելով հայկական գործվածքների ավանդույթները

ժամանակակից արվեստագետների հետ

«ՕՔՐԱ» սոցիալական ձեռնարկատիրություն

Երևան, Հայաստան

 

7.Ճանապարհ. Սփյուռքի հետազոտությունների հարթակ

Ալեքսանդր Վ. Գևորկյան

Նյու Յորք, ԱՄՆ

 

8.Մենթորության ծրագիր

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն (AESA)

Գլենդել, ԱՄՆ

 

9.Սովորե՛ք հայկական մշակույթն ու պատմությունը խաղի միջոցով

«Կորիզ» կրթական ծրագիր ՓԲԸ

Երևան, Հայաստան

 

10.Փաստավավերագրական ֆիլմ. Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու

Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերը

Արտյոմ Երկանյան

Երևան, Հայաստան

«Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհ ստացած նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսվա ընթացքում՝ մինչեւ 2026 թ. գարուն: