Հայտարարված 7-ժամյա ջրանջատումը հնարավոր է կր...

Հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամ, ջրավազանները լցնելու նպատակով ամառվա պիկ ամիսներին կարիք ունենք գիշերային ջրանջատումներիի, ջրանջատումներ կլինեն: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Ղալամքարյանի խոսքով՝ իրենց գնահատականը հիմնված է 2 հիմնական գործոնների վրա:

«Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերն են, որոնք ընթացիկ են ու իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու, ու դրա արդյունքում ունենալու ենք բավականին մեծ ծավալների խնայված ջուր՝ թե Երևանում, թե մարզերում:

Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ներդրումներ անել ու ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- նշեց նա:

Անդրադառնալով ջրի կորստին՝ կոմիտեի նախագահն ասաց, որ ՀՀ-ում՝ ոռոգման համակարգում, ջրի կորուստը 46-50 տոկոսի շրջանում է:

Հավելեց՝ «Վեոլիան» և Կառավարությունը վերջին 2 տարում 22 մլրդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում: 

Ղալամքարյանը նշեց, որ «Վեոլիայի» հետ աշխատելու ու ժամանակացույցը վերանայելու նպատակով երկշաբաթյա ժամկետ են խնդրել, նախնական գնահատականով՝ պոտենցիալ ունեն ժամանակացույցը լավարկելու: