Այս պահին Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցում տեղի տեղի է ունենում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարի գալուստ մաղթեց հյուրերին՝ ասելով.
«Շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ: Հուսով եմ՝ դուք ևս ուրախ եք այստեղ գտնվել: Մենք այսօր մեկնարկում ենք «Քայլ դեպի տուն» ծրագիրը և այդ ծրագրի ընթացքում հնարավորություն ենք ունենալու մոտ 400 հայ երիտասարդների հյուրընկալել հայ ընտանիքներում: «Քայլ դեպի տուն», որովհետև սա մեր հույսն է, որ կլինի ձեր առաջին, և ոչ վերջին քայլը դեպի հայրենիք»:
Սինանյանը նշեց, որ ունենալու ենք շատ լավ ծրագիր հյուրերի համար: «Պատրաստել ենք և՛ կրթական, և՛ մշակութային, և՛ այնպիսի ծրագիր, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք առնչվել Հայաստանում բնակվող ձեր քույրերի և եղբայրների հետ, և որ շատ կարևոր է՝ նաև հնարավորություն եք ունենալու իրար ճանաչելու, իրար հետ առնչվելու»,-ասաց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հույս հայտնեց, որ այս ծրագրի ավարտին երիտասարդները վերջնականորեն կկապվեն իրենց հայրենիքի հետ և ապագայում էլ կցանկանան ինչ-ինչ ձևով իրենց կապը պահպանել: «Վերջնական հույսը, իհարկե, այն է, որ մի օր դուք կուզեք գալ և բնակվել ձեր պատմական հայրենքիում, որովհետև հայրենիքը ոչ միայն ձեզ շատ է սիրում, այլև ձեր կարիքն ունի»,-ընդգծեց նա:
Նշենք, որ ծրագիրը իրականացվելու է երկու փուլով և տևելու է մինչև օգոստոսի 25-ը: 1-ին փուլին կմասնակցեն 209, իսկ 2-րդ փուլին՝ 190 մասնակից 3 տասնյակ երկրներից:



