Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում...

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:

«Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասել է ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը: