Հայկական ընդդիմությունը հալյուցինացիա է առաջա...

«Իրավական առումով , իշխանությունն ունի նման մեծամասնություն : Մենք էդ որոշումների կայացման վրա, իրավական առումով, ազդեցություն չենք կարող ունենալ:Բայց որ մենք մինչև վերջին շունչը պայքարելու ենք նման որոշումների դեմ , որևէ մեկը թող չկասկածի»: Սա ՀՀ ԱԺ նորաթուխ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ սույն թվականի հուլիսի 13-ին՝ մամուլի ասուլիսում, հնչեցրած հայտարարությունն է: Վերլուծելով այն, պարզ է դառնում, որ ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքն ի սկզբանե գիտի՝ գրանցելու է անարդյունավետ գործունեություն: Հասկանում է, որ որևէ կերպ չի կարողանալու խափանել պարտված իշխանության որոշումները,չի կարողանալու արգելափակել իշխանահաճո նախագծերը օրենքներ դարձնելու ձգտումները, բայցև, ճիշտ է համարում՝ վերցնել պատգամավորական մանդատները: Սա քաղաքական ալոգիզմ ՝տրամաբանությունից զուրկ, գործունեություն կարելի էր որակել, եթե քաղաքագիտության ժամակակից տեսության մեջ չշրջանառվեր «սիմվոլիկ քաղաքականություն» տեսությունը:Այն հաղորդակցության այնպիսի ձև է, որն ուղղված քաղաքական փոխնակ, կեղծ գործողություննների եւ իրականության մասին սեփական մեկնաբանությունները հանրությանը պարտադրելուն: Կարճ ասած՝ քաղաքական խաբկանք:

Տպավորություն է ստեղծվում, որ Ւշխան Սաղաթելյանի քաղաքական այս ինքնամերկացումը, թեև, շատ անկեղծ էր , բայցև՝ հիասթափեցնող:

Այլևս համակարգային ընդդիմություն համարվող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, որը փողոցային պայքարի փորձ է կուտակել, հավելում է ՝ «...եթե գա պահը, որ տեսնենք էդ մանդատները օգուտ չեն տալու, սա զուտ անձնական տեսակետ եմ ասում, էդ մանդատները պատռելու ենք , ելնենք փողոցը, դիմացը առնենք»: Սա անճարության երկրորդ դրսևորումն էր այս քաղաքական գործչի կողմից:

Հստակ է, որ ՀՀ Աժ-ում այս ընդդիմությունը, չի ունենալու քաղաքական պրոֆիտներ՝ շահեկանություն: Իրենց գործունեությունն ուղղված է լինելու իշխանական նախագծերը ընդամենը երկար ելույթներով խափանելուն: Դա ևս կիրառվող հնարք է, որը կոչվում է ֆիլիբաստեր: Այսպիսով, արդյունավետ քաղաքական գործունեւություն այս Ազգային ժողովից սպասել պետք չէ: Դա ասում է, գիտի, հենց ընդդիմությունը:Ստացվում է՝ փողոցային պայքարը ավելի արդյունավետ է եղել և է, քան «մանտադավոր» պայքարը: Եթե կա այս գիտակցումը, ապա ինչո՞ւ վերցնել այդ մանդատները: Չէ որ, իրապես, կարելի էր ծրագրել փողոցային այնպիսի հակազդեցություն, որը փորձարկված էր հենց Նիկոլ Փաշինյանի կողմից եւ, ինչպես ասվում է, իր սրով իր դեմ դուրս գալ:
Ընդդիմությունն, որն իրեն արմատական է համարում, մերժեց պայքարի այս մեթոդը եւ թույլ, լղոզված հիմնավորումներով, մտավ Ազգային ժողով:

Իմիտացիա, հալյուցինացիա

Ընդդիմության նման գործելաոճը չի բխում մեր՝ ընտրողներիս, շահերից: Քաղաքական պատրանքներն ու հալյուցինացիաները՝ գործունեությունը կեղծ շտամպերով եւ սիմուլյակրերով փաթեթավորած, մեղմ ասած, ազնիվ չէ:

Դեռ Ազգային ժողովի շենք չմտած, իշխանությունն արդեն իսկ գնում է պառլամենտական ընդդիմության հետ խաղերի՝ փորձելով ցույց տալ, որ ընդդիմության քարոզարշավի գլխավոր նպատակներից մեկը ՝ 44 -օրյա պատերազմի վերաբերյալ քննող հանձնաժողովի ստեղծումը հենց իշխանության գաղափարական մենաշնորհն է այլևս: Ընդդիմության ՝ «հայկական Նյուրնբերգի» մասին հռետորաբանությունը, միանգամից դառնում է իշխանության գաղափարական –քաղաքական գողացված թիրախը : Նիկոլական իշխանությունը փորձում է քաղաքական առաջին ֆալստարտով՝ ՝մինչմեկ-նարկային «կրակոցով» առաջ ընկնել Քոչարյանի դաշինքից:

Պատերազմում պարտված իշխանության «խոսող գլուխ» համարվող Ալեն Սիմոնյանն, օրեր առաջ հայտարարեց՝ որոշում է կայացվել քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ներգրավելով արտախորդրանական ուժերին ևս: Նշանակում է՝ իշխանությունն արդեն իսկ որոշել է, թե ինչպես եւ ինչ չափով է ընդդիմությունը ներգրավված լինելու այդ քննության մեջ: Նախաձեռնությունը սեփականականցնելը վկայում է՝ ամեն ինչ իշխանության հսկողության տակ է լինելու: Իսկ սա դեռ սկիզբն է: Զոռբայությամբ եւ մանիպուլյացիաներով պաշտոնավարող պարտված իշխանությունը ակնհայտորեն խաղացնելու է ընդդիմությանը: Պառլամենտական այս ընդդիմությունը իր վատագույն երազում չէր պատկերացնի, որ նույն օդն է շնչելու պարտված ու կապիտուլյանտ իշխանության հետ:
Սակայն, փաստենք՝ դա ընդդիմության ընտրությունն էր, նրա քաղաքական կամքի եւ ռազմավարական, գաղափարական պայքարի բացակայության հետևանք:

Եվ, ուրեմն, ու՞մ են պետք գործունեության իմիտացիան եւ հալյուցիացիաները:

Փլուզված քաղաքական հռետորիկա

Խորհելու առիթ է , իհարկե, ընդդիմության նման անդեմ ու անտամ կեցվածքը: Ին՞չ մնաց չոր հաշվարկում այն ընդդիմությունից, որը փողոց էր փակում ու սերիական կապիտուլյացիները ստորագրող Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն էր պահանջում: Արմատական, ռադիկալ քայլերի կոչ անող ընդդիմությունից մնաց՝ գաղափարական դատարկությամբ, մանդատային գոյությունը Ազգային Ժողովում:

Ուշագրավ է, որ հենց կոնտրէլիտայի առաջնորդներից մեկն, ընտրություններից անմիջապես հետո ասաց, որ այս պառլամենտը 1-2 տարվա կյանք ունի: Հարց է առաջանում՝ ինչ՞ու այդ դեպքում մաշեցնել սեփական էլեկտորատը, որի մի մասն արդեն իսկ հիասթափվել է ընդդիմության չհիմնավորված խոնարհությունից՝ վերցնելով մանդատները, երբ կա քաղաքական պայքարի իրապես ռադիկալ միջոց՝ փողոցային հակադրությունը: Այդ ին՞չ օրենքներ ու որոշումներ պետք է ընդունի կապիտուլյանտի պառլամենտը, որոնք նպաստեն ընդդիմության նաըխընտրական ծրագրի իրականացմանը, ին՞չ լծակներ ունի ընդդիմությունն իր փոքրաթիվ կազմով,որ կարողանա կյանքի կոչել իր հռչակագրի գեթ մեկ կետը:

Տեսանելի է, որ համակարգային ընդդիմությունը չի ունենա որևէ գործնական հնարավորություն ոչ զրոյական արդյունքով հակազդեցություն կազմակերպելու հարցում:

Մենք բախվում ենք փլուզված քաղաքական հռետորաբանության եւ գաղափարական աշխատանքի սնանկության հետ:
Արմատական լռություն

Քաղաքական գործընթացների վերաբերյալ լռություն է պահպանում ոչ միայն խորհրդարան մտած, այլև արտախորհրդարանական ընդդիմությունը: Չկան սպասվող քաղաքական ակցիաները, ըմբոստությունները: Երկրի ընդդիմությունը, կարծես, չի ընկալում իր դերը, նշանակությունը, կշիռը քաղաքական կյանքում: Բացի այն, որ մեր հարևան թշնամի երկրի նախագահի՝ Հայաստանի տարածքը նվաճելու, նոր պատերազմ սանձազերծելու հրապարակային հայտարարաություններին չարձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային կառույցները, մեր երկրի իշխանություները, լուռ ու համր մնաց նաև հայկական կոնտրէլիտան:

Մինչդեռ, հակընդդեմ քաղաքական սուբյեկտները ՝անկախ իրենց քաղաքական տոպոգրաֆիայից՝ պառլամետ, թե փողոց, պարտավոր էին քաղաքական գնահատական տալ մեր երկրի նկատմամբ բացահայտ ագրեսիայի դրեւևորումներին, ցնցել,արթնացնել միջազգային հանրությանը, քաղաքական եւ դիվանագիտական արշավ նախաձեռնել Հայաստանի տարածքային ամբողջականության վրա աչք ունեցող ու մատ թափ տվող թշնամուն դեմ:

Հայկական ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չպատասխանեց Ալիևին, չմիջազգայնացրեց դրա ռազմատենչ հայտարարությունները, պատմական դիսկուրս չսկսեց դրա ՝ որպես սինթետիկ երկրի ֆիկտիվ «հայրենիքի» վերաբերյալ:
Հայկական ընդդիմությունը , կարծես, լռության մեծ հաբ է կուլ տվել: Երկրի համար ծանր օրերին,ՀՀ ընդդիմությունը մեռած է,չկա։ Իսկ եթե թշնամական ագրեսիայի օրերին ընդդիմությունը, փաստացի, չկա,չի հայտնում դիրքորոշում,ցույց չի տալիս,որ ազգային շահ հետապնդող է եւ իշխանության հակակշիռն է,ուրեմն, առաջին.սպասարկում է իշխանության շահը:Երկրորդ.ոչ արմատական է,ոչ էլ ազգային,այլ ընդամենը «տիկնիկ» է , որը շարժվում է դրսի իր հրահանգիչ տիկնիկավարների հուշումներով, ուղղորդումներով: Քաղաքական առեւտրում հմտացած եւ դրսի մենթորների գլխի շարժումներին սպասող կցորդի դեր ստանձնած քաղաքական այդ միավորները լռում են, ինչպես դավաճան իշխանությունը:

Փոխարենը Հայաստանի քաղաքական համապատկերում ակտիվ են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի , Ռուսաստանի եւ այլ երկրների դեսպանները: Բացի մեր երկրի քաղաքական իրավիճակի մասին հարցազրույցներից եւ ադրբեջանցիների կողմից Հայաստանի օկուպացված տարածքների մոտակայք այցելելուց,նրանք հստակ հայտարարություններ են անում, նշում այն դերակատարումը, որը կարող են ունենալ իրենց երկրները Հայաստանի ռազմա-քաղաքական ապագայում:
Իսկ Հայաստանի ընդդիմությունը շարունակում է լռել այնպես, կարծես, ինքն է դեսպան մեր երկրում, ոչ թե՝ քաղաքական օրակարգ ձևավորող:

Եթե Հայաստանի ընդդիմության գաղափարական մեյնսթրիմը՝չենք հաղթել ընտրություններում, անելիք չունենք մոտեցումն է, ուրեմն, նրանց լռությունը ոչ թե ոսկի չէ, այլ դավաճանություն:

Հ.Գ.Այս հոդվածը պատրաստ էր արդեն, երբ պարզ դարձավ, որ ս/թ հուլիսի 28-ի առավոտյան Ալիևն հերթական անգամ մինի պատերազմ է սկսել Հայաստանի դեմ:

Ու նորից ՝չկա իշխանության ՝միջազգային մակարդակի աղմուկը, չկա ընդդիմության , միջազգային կառույցներին ուղղված ընդվզումն թշնամու ագրեսիա դեմ:Կարծես, բոլորը նոր «մսացաղի» են սպասում:

Լիլիթ Աղեկյան