
32-ամյա Սարգիս Կարապետյանը, որը սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարան 2018-ի շրջանավարտ է, ու նրա թիմը Embry Tech հայկական ստարտափի հեղինակներն են:
Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:
Embry-ն ստեղծելու գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ, երբ դիզայներ Նարե Գևորգյանը և Սարգիս Կարապետյանը ցանկանում էին այնպիսի ավտոմատ կշեռք նախագծել, որը հնարավոր կլիներ նաև կրել:
Միտքը զարգացնելը սկզբում ուղղակի հոբբի էր, սկսել են նախագծել, մշակել ալգորիթմներն ու տեխնոլոգիան, ստեղծել են հարյուրավոր նախատիպեր:
Նախագիծը զարգացնելու հարցում շատ է օգնել Եվրոպական Միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագիրը: Տեղեկացել են պայմաններին, դիմել ու ստացել դրամաշնորհ:
«Դա մեզ համար շատ կարևոր փուլ էր, քանի որ մինչ այդ մենք ներդնում էինք մեր խիստ սահմանափակ միջոցները, ինչը թույլ չէր տալիս արագ զարգանալ, դառնալ հետաքրքիր վենչուրային ներդրումների համար: ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք հաղթահարել այդ խոչընդոտը, անցնել հաջորդ փուլ, որի ժամանակ արդեն մեր ստարտափը սկսեց ներգրավել նաև վենչուրային ներդրումներ», - պատմում է Սարգիսը:
Embry-ն վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը: Այն նաև առաջարկում է խելացի ու անհատական խորհուրդներ` թե ինչպես կառավարել քաշը: Embry հավելվածը ցույց է տալիս քայլերը իրական ժամանակով, ինչքան է մարդը ակտիվ եղել, ինչքան է նստած եղել ու, ամենակարևորը, ինչպես է փոփոխվել քաշը՝ տալով տեսանելի արդյունք` անտեսանելի գործիքի միջոցով:
«Embry Tech-ի առաջնային թիրախային շուկան գրասենյակային աշխատանք ունեցող մայրերն են: Նրանք ունենալով երեխաներ` չունեն իրենց հետևելու, ֆիթնես ակումբներ հաճախելու ժամանակ և դրա պատճառով ունեն օգնական-գործիքի կարիք` իրենց առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում», - նշում է Սարգիսը:
Երեք տարիների տեխնոլոգիական մշակումներից հետո Embry թիմը այս տարի առաջին արտադրանքն է ստացել: Այս պահին կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների սահմանափակ խմբաքանակը հասանելի է կայքում: Պատվերները հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպական տարբեր քաղաքներից են:
«Պրոդուկտի գինը այս պահին 150 ԱՄՆ դոլար է: Այն դեռևս արտասահմանյան շուկայում է պահանջարկ վայելում: Հուսով եմ` առողջ ապրելակերպի սովորույթներն ու այսպիսի խելացի սարքերը շատ շուտով թրենդային ու կարևոր կդառնան նաև Հայաստանում», - նշում է Սարգիս Կարապետյանը:
Արդեն ունեն պայմանավորվածություններ և այս տարի սպասում են մի քանի միլիոն դոլարի հասնող նոր ներդրումներ, պայմանագրեր են կնքելու նաև ամերիկյան ֆիթնես ակումբների հետ ու զուգահեռ մտադիր են կրկնապատկել 13 հոգանոց թիմը:
Սարգիսի ու թիմի տեսլականը շատ ոգևորիչ է. ինչպես յուրաքանչյուր հեռախոս ունի ներկառուցված տեսախցիկ, տարիներ հետո յուրաքանչյուր կոշիկ ունենալու է ներկառուցված Embry տեխնոլոգիան: Այս պահին Embry-ն լուծում է քաշի կառավարման խնդիրը, 7 տարուց այն հավակնում է դառնալ կանխատեսիչ ու կանխարգելիչ բժշկության ամբողջական գործիք:
EU4Armenia