Երեկ armdaily.am լրատվականը գրել էր, որ նախորդ ուրբաթ օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որին հանցագործ շրջանակներում կոչում են «Չաղ» Ռուստամ, եղել է «Լա Սկալա» սրճարանում: Նրանց հետ են եղել հաղորդավարներ Շուշաննա Երիցյանը եւ Սյուզաննա Սեդրակյանը։
Լրատվականը մեկնաբանություն է ստացել պատգամավոր Սարգսյանից: Վերջինս հաստատել է, որ այդ օրը եղել է նշված սրճարանում, սակայն հերքել է, թե եղել է վերոնշյալ անձանց հետ՝ ընդգծելով.«Ես եղել եմ այդ վայրում, բոլորովին այլ մարդկանց հետ, իսկ ձեր նշած մարդկանց ոչ միայն չեմ ճանաչում, այլև, հետո եմ իմացել նրանց՝ այնտեղ գտնվելու մասին։ Երևանը փոքր քաղաք է, միևնույն վայրում շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր մարդկանց, բայց համաձայնեք, դա չի նշանակում, որ մտերիմ հարաբերություններ կարող են լինել։ Որևէ միջադեպ իմ՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում վստահեցնում եմ, չի եղել։ Խնդրում եմ այլ կերպ, քան սույն պարզաբանումն է, չներկայացնել»։
Politik.am-ը, սակայն, դեռևս ամիսներ առաջ էր գրել պատգամավոր Հայկ Սարգսյանի և ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող քաղաքացու՝ Ռուստամ Ստեփանյանի հարաբերությունների մասին: Վերջինս Հայկ Սարգսյանին ուղեկցում էր այն ժամանակ, երբ պատգամավորը Էջմիածնում հանդիպում էր ունենում բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Այժմ տրամաբանական հարց է առաջանում՝ «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը ստու՞մ է, թե՞ պարզապես երիտասարդ պատգամավորը մոռացել է այն մարդուն, ում ուղեկցությամբ ընդամենը ամիսներ առաջ գտնվում էր Էջմիածնում: