Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործերից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, գրել է Փաստինֆոն:
Խոսքը, մասնավորապես, բնակարանների տրամադրման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործի մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Օհանյանը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին: Քրեական գործի համաձայն՝ 2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ, մայոր Մարտիկ Իսրայելյանը՝ երկարամյա զինվորական ծառայության և մարտական գործողություններին մասնակցելու հիմքով իր հինգ անձից բաղկացած ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավարին, ինչի արդյունքում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից իրականացվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման գործընթացում: Բացի վերոգրյալ զեկուցագրից՝ Մարտիկ Իսրայելյանը 2008 թվականի հուլիսի 17-ին նույնաբովանդակ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում, բացի բնակարան տրամադրելու խնդրանքից, նշել է իրեն արտահերթ կերպով Երևան քաղաքում բնակարանով ապահովելու ցանկության մասին:
Նույն օրը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիսանալով պետական մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնող՝ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից, այն է՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման և բնակարանները զինծառայողներին տրամադրելու գործընթացների իրականացումը բացառապես հանձնաժողովին վերապահված լինելու պայմաններում, ինչպես նաև նույն կարգի համաձայն չունենալով տվյալ գործընթացներին միջամտելու որևէ լիազորություն, իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող Մարտիկ Իսրայելյանի խնդրանքին ընդառաջելու շարժառիթով, հանձնաժողովին հանձնարարել է վերջինիս արտահերթ տրամադրել բնակարան՝ զեկուցագիրը «Քննարկել, հատկացնել» ձեռագիր նշումով մակագրելով հանձնաժողովի նախագահ Արա Նազարյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լիազորություններից չբխող հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով՝ հանձնաժողովի նախագահ Արա Նազարյանը զեկուցագիրը մակագրել է՝ «Խնդրում եմ քննության առնել և Մ.Իսրայելյանի գործը ներկայացնել առաջիկա նիստին հաշվառման վերցնելու և համաձայն նախարարի հանձնարարականի բնակարան հատկացնելու համար» ձեռագիր նշումով, ապա 2008 թվականի օգոստոսի 11-ին կայացած հանձնաժողովի թիվ 7 նիստի ընթացքում, հանձնաժողովի նախագահ Արա Նազարյանը և հանձնաժողովի անդամներ Էնրիկո Ապրիամովը, Արսեն Պապյանը, Մուրադ Իսախանյանը, Սեդրակ Սեդրակյանը, Սուրեն Հարությունյանը և Վարդան Ավետիսյանը Մարտիկ Իսրայելյանին ներառել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման ցանկում, ապա անմիջապես՝ նույն նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել վերջինիս արտահերթ կերպով հատկացնել Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 60-րդ շենքի երեք սենյակից բաղկացած 60-րդ բնակարանը:
Ըստ գործի՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների ուղղորդված քվեարկությամբ հաղթահարվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ին ընդունված թիվ 384-Ն որոշմամբ սահմանված օրենսդրական խոչընդոտը, համաձայն որի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին բնակարանները հատկացվում են հերթականությամբ՝ հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը: Հանձնաժողովի նշված որոշման շնորհիվ՝ ՀՀ ՊՆ 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1064 հրամանով Մարտիկ Իսրայելյանին տրվել է թիվ 677 օրդերը՝ անհատույց զբաղեցնելու Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, որը հետագայում Մարտիկ Իսրայելյանի կողմից սեփականաշնորհվել է: Արդյունքում, ըստ մեղադրանքի, բնակարան է հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակում ավելի ուշ ընդգրկված Մարտիկ Նուրենի Իսրայելյանին, իսկ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման իրական կարիք ունեցող, վերջինիս հետ հավասարազոր կարգավիճակում գտնվող շահառուները, տարիներ շարունակ ընդգրկված և հերթագրված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հիշյալ անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Քրեական գործը գտնվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Սեյրան Օհանյանը, թեև մեղադրանքը չի ընդունում, այդուհանդերձ չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ ռեաբիլիտացիոն՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և ներկայացրել է նման միջնորդություն։ Առարկություն ներկայացրել է հանրային մեղադրող Ռափյանը՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի պնդմամբ, ինքը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, հետևաբար՝ վաղեմության ժամկետներն անցնելու հանգամանքը քրեական հետապնդումը բացառող չէ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ դադարեցնելով քրեական հետապնդումը և կարճելով վարույթը։



