
Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն Իրանի հրթիռակոծության պատճառով: Այս մասին հունիսի 16-ի երեկոյան հաղորդել է Jerusalem Post-ը։
Նավթավերամշակման գործարանի սեփականատեր Bazan Group ընկերությունը պարզաբանել է, որ իրանցի զինվորականները դեռ հունիսի 16-ի առավոտյան հարվածներ են հասցրել օբյեկտին։ Մասնավորապես, լուրջ վնասվածքներ է ստացել էլեկտրակայանը, որն էներգիա է մատակարարում նավթավերամշակման գործարանին։
Գործարանի տարածքում ներկայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանական ԶԼՄ-ներն էլ հաղորդել են Թեհրանում վաղ առավոտյան լսված պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերն աշխատել են նաև Նաթանզում, որտեղ գտնվում են կարևոր միջուկային օբյեկտներ։
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։