
Փաշինյանին ոչ միայն խաղաղություն, այլև ընտրություններից առաջ համաձայնագիր է պետք, քանի որ նա վախենում է, որ ստիպված կլինի բացահայտ քննարկել իր զիջումները։ Դրա մասին ամերիկյան Mirror Spectator պարբերականի իր հոդվածում գրել է ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը։
«Ալիևն այլ նկատառումներով է առաջնորդվում։ Նա չի ձգտում խաղաղության, այլ մի գործընթացի, որը նրան քաղաքական և ֆինանսական օգուտներ կբերի, միաժամանակ նպաստելով Հայաստանը ոչնչացնելու իր գաղափարախոսական նկրտումների իրականացմանը։
Ներքին քաղաքականությունը ևս իր դերն է խաղում. աշխույժ քաղաքական բանավեճի պայմաններում Հայաստանում նվազում է Փաշինյանի ժողովրդականությունը։
Մինչդեռ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ Այն նույն ժամանակ, երբ Հայաստանի վարկանիշը վերջին տարիներին բարելավվել է, Ադրբեջանի հետագիծը հակառակն է։ Հաջորդ տարի Ադրբեջանի վարկանիշը կարող է ընկնել՝ հասնելով Հայիթիի և Մյանմայի մակարդակին։ Ալիևը և նրա ընտանիքը հնարավոր է՝ միլիարդատերեր են, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասը խարխափում է ընչազրկության ճիրաններում։
Դա վտանգավոր դինամիկա է ստեղծում։ Ալիևը պետք է շեղի իր բնակչության ուշադրությունը արտաքին թշնամու վրա, որպեսզի նրանք չսկսեն կասկածի տակ դնել իր ձեռնահասությունն ու օրինակարգությունը։ Լեռնային Ղարաբաղը նվաճելուց և դրա բնիկ հայ բնակչությանը վտարելուց հետո Ալիևը պետք է նոր թշնամի գտնի, հակառակ դեպքում կհայտնվի կործանման եզրին։
Այդ թշնամին մնում է Հայաստանը, այստեղից էլ Ալիևի աճող հռետորաբանությունն այն մասին, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է։ Ահա թե ինչու է անավարտ գործարքի ստորագրումն այդքան վտանգավոր. Փաշինյանն օգտագործում է դիվանագիտությունը որպես հակամարտությունը լուծելու միջոց, մինչդեռ Ալիևը բանակցությունները համարում է ասիմետրիկ ռազմական ռազմավարություն՝ գործընթացի միջոցով անձեռնմխելիություն ձեռք բերել իր գործողություններից՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը։
Մինչ այժմ Հայաստանը խաղաղության գործընթացը գաղտնի է պահել։ Դա վատ պատկերացում է տալիս ժողովրդավարության մասին, քանի որ ենթադրում է, որ նրա առաջնորդները նախընտրում են խուսափել քննարկումներից։ Եթե Փաշինյանը համարում է, թե իր գործարքը լավագույն, ամենաիրատեսական, արդար և երկարաժամկետ արդյունքն է, ուրեմն չպետք է վախենա այն պաշտպանելուց։
Ադրբեջանը առաջվա նման ձգտում է ոչնչացնել Հայաստանը, և խաղաղության այս հապճեպ գործարքը կարող է գործնականում մոտեցնել Ալիևի հավակնությունների իրագործումը։ Թրամփի կողմից 907-րդ ուղղումը կիրառելուց հրաժարվելը, թերևս, Ադրբեջանին հնարավորություն ընձեռի զենք գնել Միացյալ Նահանգներից, որի միակ նպատակն, ըստ ամենայնի, հայերին սպանելն է։
Մինչ Փաշինյանը խաղադրույք է կատարում խաղաղության վրա, հայերը պետք է պատրաստվեն վատթարագույնին։
Կապանի օդանավակայանում վայրէջք կատարելը նշանակում է վայրէջք Ադրբեջանի հետ սահմանին։ Իրավիճակն այն աստիճան վտանգավոր է, որ Եվրամիության դիտորդները հետևում են յուրաքանչյուր մուտքային և ելքային չվերթին՝ համոզվելու համար, որ ադրբեջանցի դիպուկահարները չեն փորձի խփել ինքնաթիռը։ Հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ճանապարհների երկայնքով հայ աշխատողները շտապ բունկերներ են կառուցում, որպեսզի կանխեն բարձրադիր վայրերը գրավող ադրբեջանցիների փորձերը կտրել գլխավոր ճանապարհներն ու գյուղատնտեսական հողերը։
Գյուղերի կամ Ջերմուկի նման հանգստավայրերի բնակիչների մեծ մասն ապրում է ադրբեջանցի դիպուկահարների և հրետանու մշտական սպառնալիքի տակ: Ադրբեջանը շատ վաղուց մտացածին սադրանքներն օգտագործում է՝ հարձակումներն ու բռնազավթումներն արդարացնելու համար։
Նման իրավիճակում խոհեմությունը թելադրում է նախապատրաստվել, բայց սոսկ ռազմական ուժը բավարար չէ: Հայերը ցեղասպանությունից ի վեր տարածաշրջանում բախվում են իրենց գոյության ամենալուրջ սպառնալիքին։
Եթե Հայաստանի կառավարությունը դրան չի պատրաստվում, հայերն իրենք դա պետք է անեն։
Հայերը պետք է իրենց հարցնեն. պատրա՞ստ են արդյոք պաշտպանել Սյունիքը: Հայ տղամարդիկ, կանայք և դեռահասները կրակային և այլ մարտական պատրաստություն անցկացնո՞ւմ են արդյոք։
Մինչև 2020 թվականը հայերը պատրաստ չէին, հատկապես ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և պատերազմի նոր մեթոդների հանդեպ: Շատ հայ քաղաքական գործիչներ չէին հավատում, որ Ադրբեջանը պարզապես պատերազմ կսկսի, հատկապես Մինսկի գործընթացի ֆոնին: Այսօր Փաշինյանը, Ալիևը և Թրամփը կարող են տոնել նոր համաձայնագիրը, բայց հայերը պետք է իրենց հարցնեն. Մի՞թե պատմությունը կրկնվում է», գրել է ամերիկացի փորձագետը: