Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ Հայաստանը ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ որոշ դեպքերում արդեն արդյունքներ կան, որոշ երկրների հետ էլ բանակցությունները շարունակվում են։
Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հաշվի է առնում այն իրողությունը, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմը սպասարկելու խնդիր ունի և նրա կարողությունները չեն բավարարում, որպեսզի նաև զենքի արտահանում իրականացնի։ «Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը գնացել է այլ ռեսուրսներ փնտրելու ճանապարհով», նշել է Գրիգորյանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն այս պահին չի սահմանափակում Հայաստանի համագործակցությունը տարբեր երկրների հետ՝ չնայած նախկինում որոշակի սահմանափակումներ եղել են։ «Մենք ինտենսիվ աշխատում ենք նաև մեր արևմտյան գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար և շարունակելու ենք այս աշխատանքը»,- ասել է Գրիգորյանը։