
Հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կկայանան Agile Spirit 2025 միջազգային բազմազգ զորավարժությունները։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներկայացված կլինեն որպես դիտորդներ, հայտնում է apsny.ge կայքը։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի պատրաստվածության մակարդակը, ամրապնդել համակարգումը և գործառնական կարողությունները։
Agile Spirit 2025-ը կանցկացվի և՛ Վրաստանում, և՛ Թուրքիայի տարածքում։ Զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից:
Զորավարժություններին կմասնակցեն վրացական բանակի կողմից օգտագործվող զրահապատ մեքենաներ և ինքնաթիռներ: Զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են ուղարկվել ԱՄՆ բանակի մարտական մեքենաներ և UH-60 Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ, ինչպես նաև թուրքական զինված ուժերի կողմից օգտագործվող AS332 Puma ուղղաթիռներ:
«Վարժանքները կսկսվեն հուլիսի 21-ին՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ օդադեսանտային գործողությամբ, որը տեղի կունենա Թուրքիայի Ադանա նահանգի մոտակայքում», - ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ