Հայաստանը վերածվում է արհեստական բանականությա...

Հայաստանը վերածվում է արհեստական բանականության (ԱԲ) ամերիկյան ենթակառուցվածքի հանգույցներից մեկի՝ Nvidia ընկերության տեխնոլոգիաների կիրառմամբ Տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) գործարկման շնորհիվ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ օգոստոսին ամերիկյան Firebird ստարտափը շահագործման է հանձնել տվյալների կենտրոն Երևանից 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքում։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ դրա տեխնիկական հիմքը կկազմեն ամերիկյան Nvidia ընկերության ավելի քան 70,000 առաջատար չիպեր։ Նշվում է նաև, որ կենտրոնի ռեսուրսների 20%-ը վերապահված է երկրի ներքին կարիքների համար, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։ Firebird ստարտափում հայտնել են, որ Հրազդանի տվյալների կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ հաշվողական կլաստերը և Եվրոպայում խոշորագույններից մեկը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Վաշինգտոնն օգտագործել է Nvidia-ի ԱԲ միկրոսխեմաների մատակարարումները որպես դիվանագիտական լծակ։ Ընդ որում՝ պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան կողմն ակնկալում էր, որ Երևանն ավելի հոժարակամ կգնա Բաքվի հետ խաղաղ կարգավորման, եթե նրան առաջարկվեն ԱՄՆ-ի հետ սերտ տնտեսական կապեր, որոնց մասն էլ դարձավ բարձր տեխնոլոգիական չիպերի արտահանման թույլտվությունը։

Nvidia-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, գրաֆիկական պրոսեսորների և այլ չիպերի մշակող, որը հիմնադրվել է 1993 թվականին։ Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Սանտա Կլարա քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ): Ընկերության մշակումները լայն տարածում են գտել արհեստական ինտելեկտի, վիդեոխաղերի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում: