
Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ կապ չունի, թե աշխարհի որ քաղաքում դա տեղի կունենա։ Մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը»,-ասել է Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա» պայմանավորվածություն, թե որ քաղաքում է ստորագրվելու համաձայնագիրը։
ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ իրենց դիրքորոշումները հայտնել են, դրանից հետո նոր դիրքորոշումներ կողմերը չեն արտահայտել։
Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմ ակնկալո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան նպաստի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը կամ ադրբեջանական կողմի՝ առավել կառուցողական դիրքորոշմանը՝ Կոստանյանն ասել է․ «Կարծում եմ, որ թուրքական կողմն առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել Հայաստանին ու Ադրբեջանին, որ Անկարան շահագրգռված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն և համապատասխան փաստաթուղթը կնքվի»։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։Ադրբեջանը դրանից հետո սկսել է նոր նախապայմաններ ներկայացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Ադրբեջանը նաև պնդում է, որ հարկավոր է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել և հիմնավորել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրը ու Մինսկի խումբը լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։