Հայաստանը սպասում է Ռուսաստանի որոշմանը երկաթ...

Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի գործընկերները որոշում կկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկաթուղային կապի որոշ հատվածների վերականգնման մասով:   

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հարցի շուրջ ՌԴ-ին արված առաջարկի հետ կապված ՌԴ-ից արձագանք ստացե՞լ են, թե՞ ոչ։

«Իհարկե, այդ հարցը քննարկվել է: Նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ առիթ ունեցել խոսել: Նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսել: Եվ մենք սպասում ենք Ռուսաստանի մեր գործընկերների արձագանքին»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ հայկական կողմի ցանկությունն այն է, որ դա հիմա արվի։

«Գործընթացներ են տեղի ունենում: Այդ գործընթացները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել: Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն»,-նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որպեսզի Ռուսաստանը, որին կոնցեսիոն կառավարման է հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցը, զբաղվի երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի հետ սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի հետ սահման ամբողջական վերականգնմամբ։ Վարչապետը նաև նշել էր, որ եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով Ռուսաստանը չի կարողանա անել այդ աշխատանքը, հայկական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դա։