Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցո...

Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրեն Ռաֆայել Բենիտեզին:

Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռաֆայել Բենիտեզին բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և Եվրոպայի խորհրդի իրավական գործիքակազմերի ներդրմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտային կոնվենցիաներին միանալու տեսանկյունից:

Աննա Կարապետյանն, իր հերթին, կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը բարեփոխումների իրականացման հարցում՝ շեշտելով, որ կատարված օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով արդեն իսկ ներդրվել են միջազգային չափանիշներին համահունչ կարգավորումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության կողմից այժմ ներպետական համաձայնեցման փուլում է գտնվում Եվրոպայի խորհրդի՝ Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ կոնվենցիան:

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նաև քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում Աննա Կարապետյանն ընդգծել է ռիսկերի գնահատման գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի հետ արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ով պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ընթացող բարեփոխումներին և ընդլայնել համագործակցության ուղղությունները։