Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկին...

Նյու Յորքում մարտի 10-ից մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Ինչպես տեղեկացնում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը և այս համատեքստում ընդգծել Պեկինի հռչակագրի ու Գործողությունների հարթակի դերը՝ ազգային մեխանիզմների ամրապնդման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում:

«Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր օրենսդրական մեխանիզմներ և քաղաքականության գործիքներ՝ ապահովելու գենդերային հեռանկարների համակարգված ինտեգրումը կառավարման և քաղաքականության մշակման մեջ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Անդրադառնալով ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարարը շեշտել է Կանանց հարցերի խորհրդի, տարածաշրջանային մակարդակում գենդերային քաղաքականության իրականացման հանձնաժողովների, համայնքային մակարդակում կանանց և երիտասարդների խորհրդատվական մարմինների ու մի շարք այլ կառույցների գործունեության կարևորությունը։

Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով։