
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և միևնույն ժամանակ շահագրգռված է զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, իսկ Հայաստանի գործընկերությունները տարբեր երկրների հետ ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։
Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հարցին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը վարում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։
«Մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք առաջին հերթին շարունակում ենք և շահագրգռված ենք զարգացնել հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի, Իրանի հետ։ Հասկանում ենք, որ տարբեր երկրների տարբեր գործընկերություններ կարող են դուր չգալ, կարող են, գուցե, նաև հիասթափությունների առիթ դառնալ, բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի շահով, և մեր որևէ գործընկերություն ուղղված չէ երրորդ կողմի դեմ»,-ընդգծեց նախարար Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում եղել է քաղաքացիական նախաձեռնություն, Ազգային ժողովն էլ առաջին ընթերցմամբ ընդունել է այդ նախաձեռնությունից բխող օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսի։
«Հայաստանն ունի շատ խորը հարաբերություններ Եվրոպական միության հետ և այդ հարաբերությունները հենց այսօր էլ զարգացնում ու խորացնում ենք»,-նշեց Միրզոյանը։