Հայաստանը շարունակելու է ռազմական տեխնիկայի գ...

Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով 2026-ին պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատման վերաբերյալ հարցին:

«2026թ բյուջեն, եթե համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման միտումի հետ, որևէ խախտում չունի՝ բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 2025-ին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որն առաջ բերված ծախսեր են: Եթե 2026-ը համեմատենք 2024-ի հետ, բնական զարգացման տեմպ է»,-ասաց Պապիկյանը:

Նա ընդգծեց՝ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա դրանում: 

«Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ: Բնականաբար, դա պետք է ունենա իր հետևանքները»,-ասաց նախարարը:

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի՝ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 245,173 մլրդ դրամ, 2019-ին՝ 307,983 մլրդ դրամ, 2020-ին՝ 308,862 մլրդ դրամ, 2021-ին՝ 313,123 մլրդ դրամ, 2022-ին՝ 346,779 մլրդ դրամ, 2023-ին՝ 519,523 մլրդ դրամ, 2024-ին՝ 556,193 մլրդ դրամ, 2025-ին՝ 667,052 մլրդ դրամ, 2026 թվականի համար ծախսը նախատեսված է 567,513 մլրդ դրամ։