Հայաստանը պետք է հակահարված տա Ռուսաստանին․ Ա...

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կհայտնվի Ռուսաստանի ձեռքը։ Հետևաբար, ինչ-որ առումով մեր ձեռքերը կապված են։ Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և «հակադարձելու է Ռուսաստանին»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը։

ԱՄՆ կոնգրեսականն ի վերջո հրապարակային բացեց խաղաքարտերը։ Մինչ այս հայտարարությունը Արևմուտքի քարոզիչները պնդում էին, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին զենք տալ Ադրբեջանի դեմ և Կրեմլի գործակալներ էին հռչակում բոլոր նրանց, ովքեր պնդում էին, որ նախկին ԽՍՀՄ երկրների հետ ԱՄՆ համագործակցության առանցքը Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու պատրաստակամությունն է։ ԱՄՆ-ն պատարստ չի զենք տալ Հայաստանին կամ նախկին ԽՍՀՄ որևէ երկրի, որը այդ զենքը չի օգտագործելու իր հակառակորդ Ռուսաստանի դեմ։ Նախկին ԽՍՀՄ երկրներից միայն Վրաստանն ու Ուկրաինան են լուրջ զինտեխնիկա ստացել ԱՄՆ-ից և ինչպես տեսնում ենք այս երկու պետություններն էլ կռվել և կռվում են Ռուսաստանի Դաշնության դեմ։

Կոնգրեսականի հրապարակային հայտարարությունը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ԱՄՆ կատարած վերջին այցերի ֆոնին բավական ուշագրավ է։ Սա կարող է նշանակել, որ հայկական կողմը զենքի տեսքով հնարավոր աջակցության հարց է բարձրացրել այդ այցերի ընթացքում։ Ու քանի թեման տաք է՝ ԱՄՆ-ն կոնգրեսականի բերանով հնչեցնում է պայմանը, որը կատարելուց հետո Հայաստանը կարող է հույս ունենալ զենք ստանալ այդ երկրից։ ԱՄՆ-ն Հայաստանին երբեք այսքան ուղիղ չի առաջարկել դեմ դուրս գալ Ռուսաստանի Դաշնությանը։ Նման բաց խոսակցությունը նշանակում է, որ գործընթացները հասել են այն կետին, որից հետո Հայաստանի իշխանությունները որոշում պետք է կայացնեն։ Ու ինչպիսին էլ լինի այդ որոշումը այն բավական թանկ է արժենալու Հայաստանի համար։

Փաշինյանը մտել է աշխարհաքաղաքական խաղի մեջ, խոստումներ է տվել, թե Արևմուտքին, թե Ռուսաստանին։ Աշխարհաքաղաքական այս երկու բևեռներն էլ բավական ջանք են թափել, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության ու հիմա եկել է կողմերցի մեկին գցելու ժամանակը։ Ում էլ գցի Փաշինյանը մեզ համար հետևանքները կարող են անդառնալի լինել։