Էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը կարևոր պայման է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար և կանխատեսելի պայմաններ ապահովելու համար։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծում, որոնք կապահովեն արդյունավետ փոխազդեցություն, թափանցիկություն և բոլոր կողմերի շահերի հավասարակշռություն։
Միաժամանակ, հատկապես կարևոր է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին մատակարարումը գերադասել երրորդ երկրների արտահանման նկատմամբ և մշակել այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ։
Գլոբալ պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների ագրարային համակարգերի կայունությունը հատուկ նշանակություն է ստանում տնտեսական կայունությունն ապահովելու համար։ Մրցունակ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, որոնք ներառում են նորարարությունների համակարգային ներդրումը, թվային փոխակերպումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը։
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու «ճանապարհային քարտեզի» իրականացման համատեքստում, մենք կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում հատուկ ուշադրություն դարձնել թվային լուծումների ներդրման հետևողականությանը՝ ապահովելով անդամ պետությունների կողմից կիրառվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։
Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվայնացման շրջանակներում թվային միջավայրի կայուն զարգացմանը։
Կարևոր ենք համարում տարբեր ոլորտների թվային փոխակերպմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ներառյալ մաքսային-տրանսպորտային դաշինքը։
Միևնույն ժամանակ, կիբերանվտանգության ոլորտում անհրաժեշտ է առաջնահերթություն տալ տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կրիտիկական կարևորության ենթակառուցվածքի կայունության բարձրացմանը, ինչպես նաև կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների ու մեթոդների մշակմանը։
Նման համապարփակ մոտեցումը կնպաստի վստահության ամրապնդմանը, թվային միջավայրի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կապահովի գործընթացների անվտանգ ու արդյունավետ գործունեությունը։
Թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել փոխշահավետ համագործակցության համար Հայաստանի պատրաստակամությունը», - ընդգծել է Փաշինյանը։



