Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, որպես...

Ադրբեջանը հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը, գրում է «Փաստինֆոն»։

«Tasnim» լ/գ - Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից հետո թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում մեր երկու երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են:

Այս զարգացումն ընդդեմ խոսակցությունների, շշուկների և կեղծ տեղեկատվության է, թե իբր Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն: Այս համատեքստում ուզում եմ հարցնել` ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը մտադի՞ր է շարունակել մինչև 2020թ. գրանցված հայ-իրանական փոխգործակցության արդյունքներն ու ընթացիկ ծրագրերը:

Ա. Գրիգորյան - Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Ինչ վերաբերվում է հարցերին, նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը:

Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Tasnim» լ/գ - Տնտեսական և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեն:

Ա. Գրիգորյան - Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք: Ինչպես նշեցի՝ վերջերս վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների օրակարգը ներառել է նաև տնտեսության ոլորտը և քննարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու և մերձեցնելու համար:

«Tasnim» լ/գ - Շուրջ երկու շաբաթ է անցել պատերազմի մեկ ամյակից, որն ողջ տարածաշրջանն տակնուվրա արեց: Այդ պատերազմից հետո տարբեր տարատեսակ ճգնաժամեր, խնդիրներ առաջացան: Այս ճգնաժամի առաջացրած խնդիրներից մեկն էլ վերաբերում է հրադադարի հաստատման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրմանն, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ու տարակարծությունների առիթ դարձավ: Երկրորդ հարցն, որը տարբեր հարցեր առաջացրեց՝ վերաբերվում է ապաշրջափակման գործընթացին և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղին: Այս հարցերը և հատկապես Կովկասյան տարածաշրջանը մեծ կարևորություն ունեն Իրանի համար: Կխնդրեի այս հարցերի վերաբերյալ ձեր պարզաբանումները ներկայացնեիք:

Ա. Գրիգորյան - Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում:

Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա:

Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում:

Այսինքն` սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն` գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։