«3+3» ձևաչափը որպես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ:
«Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին դրված: Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել: Որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ ընդ որում բոլոր ուղղություններով՝ և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի շուրջ, և հարաբերությունների կարգավորման»,-ասել է Միրզոյանը:
Նա հավելել է՝ այլ բան է, որ ինչպես բազմակողմ տարբեր միջոցառումների ընթացքում, այնպես էլ «3+3»-ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներն ու բանակցություններն են ունենում: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս այդ հարթակում բանակցություններ են անցկացրել:
«Մենք կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել և մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,-նշել է նախարարը: