Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի ամենա...

Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի եւ ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Այն տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում:

Հայաստանը միասնական տաղավարով ներկայացնում են բուսական թեյերի արտադրության, չրարտադրության եւ պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ «Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման եւ վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաեւ արտահանման ծավալների եւ աշխարհագրության ընդլայնմանը։

«Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել եւ ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչեւ փաթեթավորում, ինչպես նաեւ ձեռք բերել նոր գործընկերային կապեր արտահանումը խթանելու համար։ «Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը կարեւոր է հատկապես ներկայիս պայմաններում, երբ պանդեմիայի պատճառով ընկերությունները մեկուկես տարի զրկված են եղել գործընկերների եւ գնորդների հետ կենդանի շփման հնարավորությունից։

«Անուգա 2021»-ին մասնակցությունը նպաստում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրանքը դառնա առավել մրցունակ արտաքին շուկաների համար, եւ նոր ուղիներ բացվեն արտահանման համար», - նշում է Հայաստանում ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (EU4Business) շրջանակում իրականացվող «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար Կարեն Գեւորգյանը։ Ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում մասնակից ընկերությունների թվով եւ տարածքի մեծությամբ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։ 

«Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում փոքր եւ միջին ձեռնարկություններին մուտք գործել նոր շուկաներ՝ հատկապես Եվրոպական միության անդամ երկրներում: Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ հատկապես վերամշակված մրգերի եւ բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաեւ խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։