Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առկա ներուժի կարևորությունը ոլորտային համագործակցության ընդլայնման և զարգացման գործում։
Նախարարը ներկայացրել է ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող հիմնական բարեփոխումներն ու ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։
Ֆաբիո Վազ Պիտալուգան ներկայացրել է քննարկված ուղղություններով Բրազիլիայում իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, աջակցել փորձի փոխանակման և ծրագրերի տեղայնացման ուղղություններով։



