Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները հնարավո...

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել երկրում բարեփոխումները, մարդու իրավունքներն ու տրանսֆորմացիան ապահովելուն։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով  Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ  Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

« Գիտեք, Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները, մարդու իրավունքները և տրանսֆորմացիան։ Դրան էր ուղղված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն իրականում ԵՄ ասոցացման պայմանագրի ավելի թեթևացված տարբերակն էր։ Եվրամիությունը մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը։

Այդ ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել հարաբերությունները Եվրամիության և դրա անդամ երկրների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։