Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի միջև։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիության համակարգի բաղկացուցիչ մասերին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կամ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։



