Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում պահպանվում է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվությունը:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։
Ըստ աղբյուրի ՝ ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է՝ 1022 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթ հոսպիտալացվել էր 584 բուժառու։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիտալացումները նվազել են 1,1 անգամ։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել: