Մեծացել են պահի ազդեցության տակ վիճաբանությու...

Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները: 

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:  

«Այս դինամիկան պահպանվում է և որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չի ունենում: Ընդ որում, երբ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պետք է փաստեմ, որ նաև վիճակագրական առումով կտրուկ աճի տեմպ չունենք: Պետք է ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը»,- ասաց նախարարը: 

Արփինե Սարգսյանը նշեց, ըստ ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների՝ 2021 թվականին սպանությունների միջին համաշխարհային ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 5.8 դեպք: 

«Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել․եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5.8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է 2, 2022 թվականին՝ 1.9, 2023 թվականին՝ 1.8, 2024 թվականին՝ 2»,- ասաց Սարգսյանը:

Ներքին գործերի նախարարը հայտնեց՝ մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որն անդրադառնալու է նաև սպանությունների թվի նվազեցման հարցերին: