Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրի շրջանակներում, որով տրամադրվում է պետական աջակցություն, կնքվել է արդեն 1 պայմանագիր, ակնկալվում է ևս 2-ը:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ արդյունաբերական խեցգետնաբուծությունը չնայած նոր ուղղություն է հանրապետությունում, սակայն ունի զարգացման հեռանկարներ: Ներկայումս մեկ տնտեսություն կա Մասիսում, որն ունի շուրջ 8 տոննա ապրանքային խեցգետին:
Պետությունն ակնկալում է, որ ծրագրի աջակցության արդյունքում շահառուները կավելանան:
«Ծրագրի շրջանակներում այս պահին ունենք 1 պայմանագիր Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի համայնքում: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարության կողմից աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ ևս 2 պայմանագիր ստորագրելու մասով: Ակնկալում ենք, որ մինչև երրորդ եռամսյակի ավարտը կունենանք ևս 2 ստորագրված պայմանագիր խեցգետնաբուծության զարգացման մասով»,- ասաց Տաթևիկ Սարգսյանը:
Պետության աջակցության չափը կազմելու է 50 տոկոս: Նախատեսված է փոքր, միջին ու մեծ խեցգետնաբուծարանների կառուցում: «72 մլն դրամ գնահատված է փոքրը, 129 մլն դրամ՝ միջինը և 183 մլն դրամ՝ մեծ համալիրների դեպքում, 50 տոկոսը փոխհատուցվում է պետության կողմից, բայց ոչ ավելի, քան ծախսային հոդվածով նշված գումարների 50 տոկոսը»,-տեղեկացրեց Տաթևիկ Սարգսյանը:
«Արդյունավետ իրականացման պայմաններում պետությունն ակնկալում է տարեկան 54 տոննա ապրանքային խեցգետնի արտադրություն»,-նշեց Սարգսյանը:
Ծրագրի շրջանակներում առաջիկայում պետք է կառուցվեն 4 փոքր և մեկական միջին ու խոշոր խեցգետնաբուծական համալիրներ:



