Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների սեզոնային թեթև աճ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն այսօր այցելել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը` գրիպի դեմ պատվաստվելու համար։ Նա կոչ է արել քաղաքացիներին հետևել իր օրինակին ու նախապես պատվաստվել գրիպի դեմ։
«Նոյեմբեր-դեկտեմբեր եղանակային փոփոխությամբ պայմանվորված աճ կունենանք։ Թե այս տարի ինչպիսին կլինի ակտիվությունը, չենք կարող ասել, բայց գրիպի հիմնական ամենավտանգավոր 4 շտամից պաշտպանված լինելը շատ կարևոր է։ Պատվաստանյութն արդեն Հայաստանում է և հասանելի է քաղաքացիներին։ Առաջին հերթին պետք է ուշադիր լինեն ռիսկային խմբերը` մինչև 12 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդները, 65+ տարիքի քաղաքացիները և բուժաշխատողները»,-ասել է նախարարը։



