Երևի դուք ուշադիր չեք եղել, որ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել և բնականաբար պատկան մարմինները ձեր մտահոգությունները փարատոելու համար աշխատում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ տարածաշրջանում լարված է, իսկ պաշտպանության նախարարը ՔՊ-ի ավտոբուսով կարկանդակ ուտելով շրջում է համայնքներում, փոխանակ պլան մշակեն, թե Հայաստանը ինչպես է պաշտպանվելու վտանգի դեպքում։
«Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է և ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել նույնը, որ պատկան մարմինները բնականաբար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են և Հայաստանի Հանրապետությունում առկա է խաղաղություն »,–ասաց նա՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
Իսկ լրագրողները հարցնում էին, թե կապված Իրանում զարգացումների հետ, արդյոք ՀՀ բանակը բերված է թիվ մեկ պատրաստվածության, կամ արդյոք Իրանից քաղաքացիների ներթափանցման փորձեր կան»։



