
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
Առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի։
Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կհանդիսանան, որպես հյուրանոցային սենյակներ։ Գնացքում նախատեսված են հարմարավետ քնելու պայմաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը և տեսարժան վայրերին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է.
«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»։
Չարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։
Gepard Express ընկերությունը երկաթուղային զբոսաշրջության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտացված է միջազգային տուրիստական երթուղիների կազմակերպման մեջ։ Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը և պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ և հիշարժան բոլոր մասնակիցների համար։