Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա...

Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար. բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը ու փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են այն լավագույն գործիքները, որ կարող են և՛ անվտանգություն ապահովել, և՛ զարգացում ապահովել ու տարածաշրջանում ունենալ խաղաղություն»,- նշեց նա։

Նա ասաց, որ Հայաստանը համոզվել է, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու ներքին խնդիրները։

«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է ՝ արդյո՞ք ժողովրդավարությունը նաև կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները»,- նշեց ՀՀ ԱԽ քարտուղարը։