Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։
Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։
Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։